ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հովսեփ Նշանյան. «Ես ապրում եմ իմ կյանքի ամենաերջանիկ տարիները»

news-images

2016 թ. մարտի 24-ին «Տաղարան»  համույթի գործունեության 35-ամյակին նվիրված համերգային երեկոյին  հնչած պրեմիերաների շարքում էր  «Վայոցձորյան հորովելները»,  որը կատարեց երիտասարդ բաս-բարիտոն  Հովսեփ Նշանյանը: Սա առիթ է ներկայացնելու երգչին, որը հայտնի է որպես հորովելների երկանյանական մշակումների անգերազանցելի կատարող:

Կյանքում լինում են պահեր, իրադարձություններ, երբ ապրածդ տարիների հաշվարկը կարծես սկսում ես նորեն, և այս դարձակետերից սկսվող նոր  «թվարկության» մեջ հայտաբերում ես քո մեջ նոր որակներ, աշխարհը դառնում է քեզ նոր երեսով…

Իր կյանքի որոշ  «դարձակետերն»  ունի նաև Հնագույն երաժշտության   «Տաղարան»   համույթի մեներգիչ Հովսեփ Նշանյանը, որի կատարմամբ հայոց հորովելները հնչում են աննկարագրելի գեղեցկությամբ և հոգեզմայլքով: Խոսքը միայն պրոֆեսիոնալ անթերի կատարման մասին չէ, այլ այն անտես հոգեհոսքի, որ նրանից հաղորդվում է դահլիճին հորովելները կատարելիս: Հորովելներն արդեն տարիներ շարունակ թղթերում պահված գրառումներից ու նոտագրումներից կենդանացնում, մշակում և նոր փայլով ու գեղարվեստական-մեղեդային հնչողությամբ ներկայացնում է Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Ու ինքն էլ նշում է, որ Հովսեփ Նշանյանի կատարմամբ իր մշակումները մի առանձին փայլ են ստանում. «Հովսեփի մոտ հորովելների կատարման ունակությունն առաջ է անցել բոլոր այլ տեսակի ժանրերի երգեցողությունից: Այստեղ նա հատկապես գտնում է իրենը, իր բնույթին մոտ են: Տեսել է, որ իր մոտ լավ են ստացվում, հանդիսականի կողմից էլ ընդունվել են իր կատարումները, ուստի այստեղ նա հատուկ ջանք է գործադրում: Երբ իրեն երկու-երեք բառով ներկայացնում եմ հորովելների բնութը, ասում է՝ Մաե՛ստրո, ինչ լա՜վ եք բացատրում: Հորովելներն իր համար ավելի հարազատ են դարձել, այդ պատճառով էլ ավելի բնականորեն է մերվում նյութին: Հետաքրքիր ձայն է՝ այդ առումով, ոնց որ ինքը գտնված լինի հորովելների համար: Ու իսկապես, երբեմն-երբեմն այնքա՜ն լավ է երգում համերգների ժամանակ, որ ինքն էլ է իրեն արդեն գերազանցում: Ինքն էլ չի զգում, թե ինչքան լավ եղավ: Բայց, բնականաբար, ես կուզեի, որ Հովսեփն այլ ժանրերում էլ ունենար արժանի հաջողություն, նրա ձայնային ունակությունները ներում են դրա համար…»:

Կարդալ  ավելին այստեղ..  http://mitk.am