News
Հովսեփ Նշանյան. «Ես ապրում եմ իմ կյանքի ամենաերջանիկ տարիները»
2016 թ. մարտի 24-ին «Տաղարան» համույթի գործունեության 35-ամյակին նվիրված համերգային երեկոյին հնչած պրեմիերաների շարքում էր «Վայոցձորյան հորովելները», որը կատարեց երիտասարդ բաս-բարիտոն Հովսեփ Նշանյանը: Սա առիթ է ներկայացնելու երգչին, որը հայտնի է որպես հորովելների երկանյանական մշակումների անգերազանցելի կատարող
Իր կյանքի որոշ «դարձակետերն» ունի նաև Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մեներգիչ Հովսեփ Նշանյանը, որի կատարմամբ հայոց հորովելները հնչում են աննկարագրելի գեղեցկությամբ և հոգեզմայլքով: Խոսքը միայն պրոֆեսիոնալ անթերի կատարման մասին չէ, այլ այն անտես հոգեհոսքի, որ նրանից հաղորդվում է դահլիճին հորովելները կատարելիս: Հորովելներն արդեն տարիներ շարունակ թղթերում պահված գրառումներից ու նոտագրումներից կենդանացնում, մշակում և նոր փայլով ու գեղարվեստական-մեղեդային հնչողությամբ ներկայացնում է Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Ու ինքն էլ նշում է, որ Հովսեփ Նշանյանի կատարմամբ իր մշակումները մի առանձին փայլ են ստանում. «Հովսեփի մոտ հորովելների կատարման ունակությունն առաջ է անցել բոլոր այլ տեսակի ժանրերի երգեցողությունից: Այստեղ նա հատկապես գտնում է իրենը, իր բնույթին մոտ են: Տեսել է, որ իր մոտ լավ են ստացվում, հանդիսականի կողմից էլ ընդունվել են իր կատարումները, ուստի այստեղ նա հատուկ ջանք է գործադրում: Երբ իրեն երկու-երեք բառով ներկայացնում եմ հորովելների բնութը, ասում է՝ Մաե՛ստրո, ինչ լա՜վ եք բացատրում: Հորովելներն իր համար ավելի հարազատ են դարձել, այդ պատճառով էլ ավելի բնականորեն է մերվում նյութին: Հետաքրքիր ձայն է՝ այդ առումով, ոնց որ ինքը գտնված լինի հորովելների համար: Ու իսկապես, երբեմն-երբեմն այնքա՜ն լավ է երգում համերգների ժամանակ, որ ինքն էլ է իրեն արդեն գերազանցում: Ինքն էլ չի զգում, թե ինչքան լավ եղավ: Բայց, բնականաբար, ես կուզեի, որ Հովսեփն այլ ժանրերում էլ ունենար արժանի հաջողություն, նրա ձայնային ունակությունները ներում են դրա համար…»:
Կարդալ ավելին այստեղ.. http://mitk.am