ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Դահլիճի պատմություն

Դահլիճի պատմություն

Երևանում Կամերային երաժշտության տուն ունենալու գաղափարը պատկանում էր քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին: Նախագիծը Հասրաթյանը պատվիրել էր մի քանի ճարտարապետների և արդյունքում ընտրվեց Ստ. Քյուրքչյանի նախագիծը:

Շենքը կառուցվեց 1977 թ-ին:  Երևանի Օղակաձև զբոսայգում գործող Կամերային տան շենքն իր ձևով տարբեր է և առանձնակի` կառուցված «ազատ հատակագծի» սկզբունքով:

Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։

 Այդ տարիներին, երբ  եկեղեցաշինության մասին խոսք լինել չէր կարող, Ս. Քյուրքչյանը եկեղեցու նման էր պատկերացնում այդ կառույցը:   Նա ասում էր, որ ցանկացած ճարտարապետի համար եկեղեցին մեծագույն արժեք է, և Կամերային երաժշտության տունը իր համար եկեղեցի է, միայն վրայի խաչն է պակասում:  Չափսերով այդ կառույցը ևս եկեղեցի է   հիշեցնում:

Շենքն ունի` հանդիսասրահ, բեմ, ճեմասրահ, նախասրահ: Ներսի որմնանկարները, ջահը նույնպես Ս. Քյուրքչյանի ձեռքի աշխատանքներն են: Նա ասում էր, որ անվերջ կարելի է նայել կրակին, ամպերին, քանի որ դրանք կոնկրետ պատկերներ չեն: Եվ այստեղ, երաժշտություն լսելով, անվերջ կարող ես նայել այդ պաստելային գույների մեջ արված պատկերներին:

Կամերային երաժշտության տան 300 տեղանոց դահլիճում և ճեմասրահում  մշտապես տեղի են ունենում բազմաթիվ համերգներ, փառատոներ, հոբելյանական երեկոներ, հանդիպումներ, էքսպոներ ու շնորհանդեսներ: Այստեղ մշտապես հանդես են եկել հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտներ: Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները:

 

Դահլիճի նկարներ