
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ
Հնագույն երաժշտության համույթը հիմնադրվել է 1981թ.՝ սկզբնապես կրելով «Շարական» անվանումը (մինչև 1985թ.): Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ):
1987թ.-ին կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ստանձելով «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ հաղորդեց համույթի համերգային, ստեղծագործական կյանքին՝ կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի 300-ից ավելի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ: 1988թ.-ին «Տաղարանը» ստացել է պետական համույթի կարգավիճակ: «Տաղարան» համույթի ներկայիս գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը (1994-ից), ով շարունակում է զարգացնել համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները:
«Տաղարանն» ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում V-XV դարերի հեղինակների շարականներն ու տաղերը: «Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցմամբ հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ:
Համույթի գործունեության մեկ այլ հետաքրքրական կողմ կապված է եվրոպական մինչդասական և բարոկկո շրջանի երաժշտության հետ: Ունկնդրի դատին պարբերաբար ներկայացվում են գերմանական, ֆրանսիական, իտալական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր:
Համույթի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, կատարողականության բարձր մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ:
«Տաղարանը» համերգներով հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, բազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է հայկական երաժշտական մշակույթն արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ), Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր:
Համույթն իր մասնակցությունն է ունեցել միջազգային մի շարք փառատոններում:
«Տաղարան» համույթը մասնակցել և մասնակցում է բացառիկ համերգների` կազմակերպված ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների կողմից: Իր մասնակցությունն է ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կազմակերպված տարատեսակ համերգներին:
Համույթը մշտապես հետամուտ է երկացանկի հարստացմանը: Հանրության ուշադրությանն է ներկայացվել «Կարոս խաչ» վիպերգությունը և Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը (կոմպոզիտոր` Դ.Սաքոյան): «Հորովելների շարքով» փորձ է արվում հնարավորինս ամբողջացնել Մեծ Հայքի բոլոր գավառների հորովելների «քարտեզագրումը»: «Տաղարանի» երկացանկի հետաքրքիր նորություններից են «Քոչարիների շարքը», որը ևս «քարտեզագրվել» է հորովելների նմանությամբ և Բալուի շրջանի երգերն ու պարերգերը, որոնք գրեթե անծանոթ են մեր երաժշտասեր հանրությանը: Հատկանշանական է նաև «Записки Марии Волконской» մոնո-օպերան (հեղինակ` Էդ.Սադոյան):
Հավելյալ տեղեկությունների համար՝ http://tagharan.com/
https://www.youtube.com/user/Tagharan
գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և մասնաճյուղի ղեկավար
Աստվածատուր երաժիշտ Սեդրակ Երկանյանը աչքի է ընկնում կատարողական բարձր կուլտուրայով: Նրա ներքին հախուռն հուզականությունը, որն արտահայտվում է նվագի զուսպ –ինտելիգենտ ոճի մեջ, հնարավորություն է ընձեռումառավել խորն ըմբռնել իր կատարած ստեղծագործությունը: Ոգեղեն այն մթնոլորտը , որ ստեղծում է դաշնակահարի համերգներին անգնահատելի է:
Ծնվել է Լենինականում (Գյումրի)՝ 1954թ.: Նախնական կրթությունը ստացել է Լենինականի միջնակարգ երաժշտական դպրոցում: Ապա սովորել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: 1973—1978 Սովորել է Երևանի Կոմիտասի անվ. Պետ. Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1978- 2000 Հայաստանի Ակադեմիական երգչախմբի դաշնակահար- կոնցերմայստեր: 1990—1992 Սովորել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Չեքիջյանի դասարան:
1994 թվականից առ այսօր հանդիսանում է Հայաստանի Հնագույն Երաժշտությաթյան ,, Տաղարան’’ համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր :
Հյուրախաղերով մեկնել է և ամագործակցել է աշխարհի թիվ մեկ երաժիշտների և նվագախմբերի հետ՝ Մեծ Բրիտանիա/1989, 1995/, Ֆրանսիա /1986, 1995, 2001 /, ԱՄՆ/1987/ ԽՍՀՄ /1975-1990/, Սիրիա,/1992, 1993, 1994, 2002,/ , Լիբանան /1992,1993, 1999/, Հունաստան /1990, 2002/, Կիպրոս /2002/ և Սերբիա/2003/:
2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: