ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Երեվանի  պետական  կամերային  երգչախումբ

Երեվանի պետական կամերային երգչախումբ

Երեվանի  պետական կամերային երգչախումբ www.yerevanchamberchoir.com

Հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան:

 

Մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարական գործունեության հիմքում, որը սկիզբ է առել դեռևս 1976 թ. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ, ընկած է հայ երգչախմբային արվեստի ներկայացումը՝ մեծն Կոմիտասից մինչև հայ ժամանակակից կոմպոզիտորներ:

1996 թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի Պետական Կամերային Երգչախմբի (ԵՊԿԵ):

Առաջին հյուրախաղերը մեծ հաջողություն ունեցան Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին» (1997)։ «Գերմանիայում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն կերպով ներկայացրեց Կոմիտասի՝ վերականգնված պատարագը, ինչպես նաև Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտտենբերգում և Մագդեբուրգում, այնուհետև՝ Սիրիայում և Լիբանանում (1998)։ Բերգենում կայացած միջազգային երաժշտական փառատոնին (1999, Նորվեգիա) երգչախմբի հետ ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտներ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը և սաքսոֆոնահար Յան Գարբարեկը։ Ապա կոլեկտիվը մասնակցեց Հալլեում կայացած 30-րդ միջազգային փառատոնին (2000, Գերմանիա), նույն թվականին Գլենդելում (ԱՄՆ) Երաժշտական ձերքբերումների III մրցույթում երգչախմբի կողմից ձայնագրված «Music of Komitas Vardapet» ալբոմը արժանացավ մրցանակի «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում ։

Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ կազմակերպվեցին համերգներ La Scala թատրոնի ֆիլհարմոնիկ երգչախմբի և նվագախմբի հետ՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ (2001)։ Հայաստանում և Գերմանիայում «Frankfurter Kantorei» կոլեկտիվի հետ համատեղ մեծ հաջողությամբ կայացան համերգներ Վինֆրիդ Թոլլի ղեկավարությամբ (2000-2002)։ «Սանկտ-Պետերբուրգյան դղյակներ» փառատոնին (2003) կոլեկտիվն արժանացավ քաղաքի նոր հիմնը ներկայացնելու պատվին։ Այնուհետև կայացան ելույթներ Բենջամին Բրիտտենի (2003, Հայաստան), «Hallische Musiktage» (2005, Հալլե, Գերմանիա) և «Festival d'Ile de France» (2006, Էտամպ, Ֆրանսիա) միջազգային փառատոններում։ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության հրավերով հայկական երաժշտությունը երգչախմբի կատարմամբ հնչեց Հալեպում, Լաթակիայում և Դամասկոսում (2007)։ Արդեն մեծ հռչակ ձեռք բերած կոլեկտիվը մասնակցեց Երևան – Մոսկվա – Շուշի – Բեթղեհեմ հեռուստամարաթոնին (2008)։

Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, ներկայացնելով մեծն վարպետի գրեթե բոլոր երգչախմբային ստեղծագործությունները (2009)։ «Virgo Lauretana» փառատոնի 50-ամյա հոբելյանին (2010, Լորետո, Իտալիա) ԵՊԿԵ պատիվ ունեցավ ներկայացնելու Կոմիտասի ժառանգությունը ուղիղ հեռարձակմամբ աշխահի ավելի քան 50 երկրներ։ Հենց այս կոլեկտիվի կողմից առաջին անգամ կատարվեցին Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012), Կարա Մուրզայի 1-ին բազմաձայն պատարագը (2013) և «Մխիթարյանների պատարագը» (2014)։

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացվող «Լույս ի լուսո» նախագծի ներքո, հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի հետ համատեղ ձայնագրվեց ալբոմ՝ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու և Անանիա Շիրակացու հոգևոր երգ-շարականների և տաղերի մի հավաքածու՝ դաշնակահարի յուրօրինակ մեկնաբանությամբ դաշնամուրի և երգչախմբի համար (2014, ECM Records)։ ԵՊԿԵ Տ. Համասյանի հետ մեծ շրջագայություն կատարեց մի շարք եվրոպական երկրներով, Թուրքիայի և Վրաստանի քաղաքներով (2015)։ Նույն թվականին կոլեկտիվը 5-րդ անգամ հրավիրվեց Մոսկովյան դասական երաժշտության և զանգի ղողանջների՝ ամենամյա Հարության փառատոնին, որը հիմնել է Վալերի Գերգիևը (2004-2015)։

2016 թ., երգչախմբի հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ, իբրև գնահատանք երգչախմբային արվեստի մեջ ունեցած մեծ ներդրման ու 20-ամյա վաստակի՝ կոլեկտիվը ստացավ պետական պարգևներ ու պատվոգրեր և բազում շնորհավորանքներ հանրաճանաչ համաշխարհային փառատոններից։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին» ԵՊԿԵ հանդես եկավ հայ կոմպոզիտորների մի շարք գործերի առաջին կատարումներով: Նույն տարվա աշնանը երգչախումբը հաջողությամբ ելույթ ունեցավ Հայաստանում 1-ին անգամ անցկացվող «Շարական» փառատոնին՝ նվիրված հայ հոգևոր երաժշտության հարուստ ժառանգության պահպանմանը ու խթանմանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և երեք ռուսական հայտնի երգչախմբերի հետ համատեղ, ԵՊԿԵ մասնակցեց Հայ-ռուսական առաջին երգչախմբային կոնգրեսի բացման արարողությանը (2017)։ Նույն թվականին կամերային երաժշտության ազգային կենտրոնի  «Art Stop» նախագծի շրջանակներում տեղի ունեցան համերգներ Ստեփանակերտում և Քաջարանում։

Այսօր կոլեկտիվն իր դիսկոգրաֆիայում ունի 15 ձայնասկավառակ։

Բազմաթիվ համերգներին, ձայանագրություններին և հյուրախաղերին զուգահեռ, 2017 թ. ամբողջ ընթացքում ԵՊԿԵ մաեստրո Թոփիկյանի ղեկավարությամբ աշխատել է կոմպոզիտոր Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների ալբոմի ձայնագրման վրա։ Նոր՝ «Willy Weiner and Friends»  ծրագրի պրեմիերան կայացավ 2018 թ. փետրվարին։

Հարություն  Թոփիկյան

գեղարվեստական  ղեկավար   և  գլխավոր  խմբավար

 

 

Դիրիժոր Թոփիկյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է 1973թ, երբ նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Այդ ժամանակից ի վեր Հարություն Թոփիկյանը հաջողությամբ ղեկավարել է մի քանի երգչախմբեր` հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախումբը, Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, Երևանի կամերային երգչախումբը: 1982թ. արժանացել է Հայաստանի «ԼԿԵՄ» պետական մրցանակի:

Հարություն Թոփիկյանի ղեկավարած երգչախմբերը մասնակցել են միջազգային բազմաթիվ փառատոնների և մրցույթների: 1987թ.-ին Լիտվայի Հանրապետության Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական  երգչախմբերի  հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը:

1991 թ.-ին Հարություն Թոփիկյանը դարձել է  «Bridges of song Tallinn-91» (Էստոնիա) արևելք-արևմուտք միացյալ երգի փառատոնի կազմակերպիչներից մեկը, ուր նա պատիվ է ունեցել  ղեկավարելու 20.000 հոգանոց հզոր երգչախումբը: Այդ նույն տարի նա հրավիրվել է Ֆինիկսում (Արիզոնայի նահանգ) կայացող ամերիկյան երաժշտական ասոցիացիայի ամենամյա կոնվենցիային:

1991թ.-ին Հարություն Թոփիկյանը եղել է «Երգի կամուրջներ» փառատոնի կազմակերպիչներից մեկը: Տալլինում նրա ղեկավարությամբ աշխարհի միացյալ 20000 հոգանոց երգչախումբը կատարել է Կոմիտասի «Ազգային օրհներգը»: Այդ նույն տարի նա հրավիրվել է Ֆինիկսում (Արիզոնայի նահանգ) կայացող ամերիկյան երաժշտական ասոցիացիայի ամենամյա համաժողովին:

2000թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության  ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:     

Ներկայումս Հարություն Թոփիկյանը ղեկավարում է Երևանի պետական կամերային երգչախումբը: 

 

 

 

ԵՊԿԵ