ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Տաղարան» համույթը համերգներով հանդես է եկել Վայոց ձորի մարզում
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը համերգներով հանդես է եկել Հայաստանի Վայոց ձորի մարզում: Մասնավորապես՝ համույթը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ, համերգներ է ունեցել Վայքի ավագ դպրոցում, Զառիթափի դպրոցի դահլիճում, Մալիշկայի N 1 միջնակարգ դպրոցում, Եղեգնաձորի Մշակույթի տան դահլիճում:
Համույթը ներկայացրել է հայկական ավանդական երաժշտություն: Մարզային հյուրախաղերը շատ լավ են անցել՝ արժանանալով տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Հյուրախաղերը կազմակերպել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Lider Complex ընկերության աջակցությամբ: Կարևորելով մարզերում ևս մշակութային միջոցառումների կազմակերպումը և մարզային հանդիսատեսին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելը՝ ցանկություն կա հետագայում նույն ծրագիրը ներկայացնել այլ մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում:
Հավելենք, որ «Տաղարան» համույթը մարզային հյուրախաղերից վերադառնալուն պես պատրաստվում է մեկ այլ համերգի: Մայիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համույթը կներկայանա «Աղկէկ աղջիկ, դուռը բաց» խորագրով համերգով, որի ընթացքում հանդիսատեսին կներկայացնի Բալուի, Խլաթի, Բիթլիսի, Մուսա լեռի, Կարինի տարածաշրջանի երգեր և նվագներ:
«Տաղարանն» ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում V-XV դարերի հեղինակների շարականներն ու տաղերը: «Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցմամբ հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ:
Համույթի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, կատարողականության բարձր մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ: Համույթը մշտապես հետամուտ է երկացանկի հարստացմանը: