ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական կամերային երգչախմբի հյուրախաղերը ԱՄՆ-ում
2017թ.-ի հոկտեմբերի 24-31-ը Հայաստանի պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հրավիրող կողմը՝ ,,ARMENIAN AMERICAN THEATRICAL & MUSICAL SOCIETY,,-ի նախագահ՝ Լուիս Գիլլ-Մարտիրոսյանն էր:
Լոս Անջելեսի համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին Գլենդելի ,,Presbyterian Church,, սրահում, որն ուներ հիանալի հնչողություն: Համերգին ներկա էին ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ ամերիկացի ունկնդիրներ, երաժիշտներ և երաժշտական քննադատներ: Երգչախումբը բազմաթիվ դիպլոմներ և ատեստատներ ստացավ Կալիֆորնիայի սենատից, ինչպես նաև ամերիկյան այլ հեղինակավոր կազմակերպություններից:
Արդյունքում Լոս Անջելեսում ՀՀ Հյուպատոսությունում պաշտոնական ընդունելության ժամանակ, երգչախումբը անմիջապես հրավեր է ստացել 2018-ին առանձին համերգով ելույթ ունենալու հեղինակավոր ,,Disney Concert Hall,, համերգասրահում:
Հաջորդ ելույթը տեղի ունեցավ Ֆրեզնոյում, Համազգային կազմակերպության հրավերով: Համերգը տեղի ունեցավ հոկտեմբեր 29-ին, Ֆրեզնոյի համալսարանի երաժշտական ֆակուլտետի համերգասրահում: Այն ընդունվեց բացառիկ ոգևորությամբ և Ֆրեզնոյի պատվո հյուպատոսի՝ պարոն Աբգարյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից երգչախումբը հրավերներ ստացավ 2018-ին ելույներ ունենալու Ֆրեզնոյում:
Համերգների երգացանկում հիմնականում ընդգրկված էին Կոմիտաս, Կանաչյան, և հայկական ժողովրդական երգերի ժամանակակից մշակումներ: