ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՔԱՄԱՆՉԱՅԻ ԵՎ ՔԱՆՈՆԻ «ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆՆԵՐ»՝ «ՏԱՂԱՐԱՆԻ» ՀԱՄԵՐԳԻՆ
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2017թ. հունիսի 15-ի համերգին գլխավոր «մենախոսողները» քամանչան և քանոնն էին: Համույթի հրավիրյալ երաժիշտներն էին քամանչահար Հակոբ Խալաթյանը և քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանը: Նրանց «մենախոսությունների» մեկնարկը տրվեց համերգային մուտքով՝ Սեդրակ Երկանյանի «Զեբագիով», որ Մաեստրոն պեղել է մեր հնագույն ժամանակներից եկած պարեղանակների պահոցից և նոր փայլ, հնչողություն տալով, մատուցում է հաճախ՝ իբրև մուտք հայ ավանդական երաժշտության համերգներին: Զեբագիի զվարթուն, կենսահաստատ հնչյուններին հաջորդեցին սիրո և կարոտի, հուշի և ողբի, նաև խինդի ու պարի, աշխատանքի ու իմաստնության խոհական հունչեր, նվագներ, տաղեր...
Քամանչահար Հակոբ Խալաթյանի նվագը հայտնի է թե՛ Հայաստանում և թե՛ մեր երկրի սահմաններից դուրս: Տարբեր խմբերի կազմում և որպես մենակատար նա հանդես է եկել թե՛ ավանդական ժողովրդարվեստի համեգներին, թե՛ արդի կոմպոզիտորների ստեղծագործությունների, այդ թվում՝ սիմֆոնիայի կատարումներին:
«Տաղարանի» համերգին Հակոբ Խալաթյանը նվագեց այն քամանչայով, որով «Սայաթ-Նովա» ֆիլմում մեր մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանն է նկարահանվել: Տասնամյակներ այդ քամանչան լռել էր. և ահա հատուկ այս համերգին քամանչահարը «խոսեցրեց» գործիքին, ու հին քամանչան անուշորեն պատմեց սիրուց ու կարոտից, վշտից ու ուրախությունից, խոսեց մարդկային հույզին համահունչ ձայնարձակումով:
«Մշո անտունին»՝ կորուստների ու կարոտների փնջանքով՝ քամանչայով հնչեց՝ ոնց կհորդար արտասուքի աղբյուրը, ոնց կծվատվեր հայրենակորուստ հոգին, ոնց կմղկտար չամոքվող վերքը:
Հուզական էր նաև քանոնահար Անուշ Կիրակոսյանի կատարմամբ «Վարդանի մոր ողբը»: Հինգերորդ դարի տաղը քանոնի համար փոխադրել է հենց ինքը՝ Անուշ Կիրակոսյանը: