ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամերային նվագախումբը համերգ նվիրեց մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի հիշատակին

news-images

Հայաստանի վաստակավոր մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի հիշատակին նվիրված համերգ կազմակերպվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ ունեցավ դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

«Շատ ուրախ եմ աշխատել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Նվագախմբի հետ առաջին անգամ համագործակցել եմ դեռևս 2006 թվականին, այդ ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն Արամ Ղարաբեկյանն էր: Դրանից հետո մենք բազմիցս ելույթ ենք ունեցել»,-նշում է Կոնստանտին Օրբելյանը: Մաեստրո Օրբելյանի խոսքով՝ նվագախումբը սիրով, հաճույքով է նվագում և մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել համերգին:

Նա առանձնահատուկ ընդգծեց՝ ուրախ է, որ երեկոյին մասնակից են եղել նման մենակատարներ, ինչպիսիք են Խաչատուր Ալմազյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ) և Անուշ Նիկողոսյանը (ջութակ): Ի դեպ, Նիկողոսյանը և Ալմազյանը եղել են երջանկահիշատակ Պետրոս Հայկազյանի ուսանողները, և բարձր են գնահատում նրա ներդրումն իրենց մասնագիտական զարգացման հարցում:  

Համերգի մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը:

Համերգային ծրագրում Վիվալդիի, Մասկանիի, Մենդելսոնի գործերն էին: Տեղի ունեցավ նաև Լերա Աուերբախի Երկխոսություններ Ստաբատ մատերի շուրջ
ջութակի, ալտի և նվագախմբի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:

Նշենք, որ ջութակահար Պետրոս Հայկազյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում: 1950թ-ից մինչև կյանքի վերջին օրերը դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003թթ՝ տնօրենը: Նրա ղեկավարության օրոք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի Հանրապետության առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը՝ ամրապնդելով իր կապերը Մոսկվայի, Թբիլիսիի և Խորհրդային Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ: Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի՝ իր ղեկավարած ջութակի դասարանում կրթել և դաստիարակել է տասնյակ ջութակահարների: Նրա աշակերտների թվում են այնպիսի ջութակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և ուրիշներ: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: