ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Steinway արտիստ Օլգա Զադոն հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
Steinway հանրահայտ ընկերության արտիստ, դաշնակահարուհի Օլգա Զադոն (Ուկրաինա/Գերմանիա) փետրվարի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Զադոն Վլադիմիր Հորովիցի, Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև հատուկ մրցանակի է արժանացել Վլադիմիր Կրայնևի անվան մրցույթում:
Հայաստանյան համերգին Զադոն Կամերային նվագախմբի հետ կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի և նվագախմբի համար Կոնցերտ թիվ 3-ը:
Երեկոյին կներկայացվեն նաև Ֆելիքս Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 3 (Շոտլանդական) և Էդուարդ Էլգարի Ինտրոդուկցիա և Ալեգրո օp. 47 լարային քառյակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Որպես մենակատարներ կներկայանան նաև ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը, ալտահար Դավիթ Աբրահամյանը (Իսպանիա), թավջութակահար Հակոբ Աթյանը:
Այս համերգը նվիրված է Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին: Երեկոյի ընթացքում ՀՊԿՆ-ը կղեկավարի դիրիժոր Հմայակ Դուրգարյանը:
Հավելենք, որ երեկոյի մենակատար Օլգա Զադոն եղել է Վլադիմիր Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու: Հանդես է եկել այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Համբուրգի Էլբֆիլհարմոնիան, Զալցբուրգի Մոցարտեումը և այլն՝ լավագույն նվագախմբերի հետ: