ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մարտուն Իսրայելյանի հեղինակային համերգը

news-images

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 27-ին, ժամը 19:00 տեղի կունենա Մարտուն Իսրայելյանի հեղինակային համերգը: Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում կհնչեն Մարտուն Իսրայելյանի ստեղծագործությունները, այդ թվում կոմպոզիտորի՝ Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված գործերը: Որպես մենակատարներ հանդես կգան Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Նաիրա Իսրայելյանը (դաշնամուր), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր):

Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը ծնվել է 1938թ., Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1964թ. ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանը, 1969թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը:

Հեղինակել է Սիմֆոնիա (1981թ.), «Կոնտրաստներ» (1967թ.), «Երաժշտություն» (1969թ.), «Տաղերի տետր» ֆլեյտայի, կլառնետի, հարվածայինների և մեցցո-սոպրանոյի համար (1971թ., ըստ Գրիգոր Նարեկացու), «Սեպտետ» (1973թ.), «Սոնատների տետր» սոպրանոյի և կամերային նվագախմբի համար (1981թ.), Կոնցերտներ թավջութակի և կամերային նվագախմբի համար (1983թ.), Կոնցերտներ ջութակի և կամերային նվագախմբի համար (1985թ.), «Հացին երգը» օրատորիան (1985թ., ըստ Դանիել Վարուժանի), «Աշնան երգերի տետր» սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1986թ., ըստ Վահան Տերյանի), Հիմներ (1989թ., 1999թ.), Կվարտետ (1991թ.), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (2002թ.), կինոյի («Փարաջանով` վերջին գարունը», 1992թ.) և թատերական ներկայացումների երաժշտություններ:

Նրա երաժշտությունը կատարվել է բազմաթիվ երկրներում` Արգենտինայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Չեխիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլուր: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: