ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարեվերջյան համերգ:

news-images

  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վեց երաժշտական խմբերի՝ 2017 թվականի տարեվերջին կայացած միասնական համերգը տոնական լինելուց զատ, մի յուրօրինակ համահավաք հաշվետվություն էր՝ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեության վերաբերյալ: Համերգին հանդես եկած երաժշտախմբերի մեծ մասը երկարամյա ստեղծագործական ուղի են անցել, ամենքն էլ ղեկավարվում են փորձառու և լայն հանրության շրջանում հարգանք վայելող արվեստի գործիչների կողմից, նրանցում ընդգրկված երաժիշտները, երգիչ-երգչուհիները բեմական կյանքի ծանրակշիռ փորձ ունեն: Երեք երգչախումբ, երեք անսամբլ, որոնք միայն այս տարում հարյուրավոր համերգներ են տվել հայաստանյան բեմերում, մի քանիսն էլ որոշ միջազգային փառատոների կամ իրադարձային միջոցառումների շրջանականերում համերգներ են ունեցել նաև արտերկրում: Յուրաքանչյուրի մասին մի քանի սուղ խոսքով էին սկսվում կատարումները՝ ընտրված հատուկ տոնական համերգի համար:

Երաժշտասեր հասարակությունը կարողացել է ժամանակ տրամադրել նախատոնական այս թոհուբոհից ու այցելել համերգին` վայելելու մաքրամաքուր երաժշտությունը: Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ համերգի ավարտին հյուրասիրություն էր կազմակերպվել երաժիշտների ու հյուրերի համար: