ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գործունեության 25-ամյակ

news-images

  Սեպտեմբերի 25-ին Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի գործունեության 25-ամյակին նվիրված համերգ: Համերգին մասնակցում էին օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ՝ Լիպարիտ Ավետիսյանը, (կատարեց Ք.Պենդերեցկու Հայաստանին նվիրված «3-րդ Սաղմոսի» մեներգը), երգչախմբի նախկին մենակատարուհի Գայանե Մովսիսյանը (Ստրասբուրգից, ով երգչախմբի այլ մեներգիչների հետ կատարեց Դ.Լենգի «Իրապես» հայաստանյան պրեմիերան), ինչպես նաև Վահագն Հայրապետյան տրիոն:

            Համերգի առաջին ստեղծագործությունը Դ.Լիգետիի «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան էր, որը հնչեց 37 երաժիշտ-կատարողներից բաղկացած նվագախմբի կատարմամբ, Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ պրեմիերաներ, որոնցից էր Ա.Ավանեսովի «Երգում էր աղջիկը...» խմբերգը գրված Բլոկի նույնանուն բանաստեղծության հիմքով:

            Բոլոր կատարումները գլխավորապես ուղեկցվում էին տեսանյութերով: Վաչե Շարաֆյանի խմբերգային մանրանվագները հնչեցին առաջին անգամ և ուղեկցվեցին Գաբոյի նկարների անիմացիաներով:

Վահագն Հայրապետյան տրիոյի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչեց «Հազարներից քեզ եմ սիրել» ժողովրդական երգի մշակումը, որը ուղեկցվեց Մ.Վաթինյանի նկարների հիման վրա կատարված անիմացիայով: Բուխեմբերգի «Երբ դու Աստծո հետ ես...» ստեղծագործության տեսանյութը նկարահանել էր երգչախմբի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյանը: Կոմիտասի «Քելեր, ցոլեր» խմբերգի տեսանյութի հեղինակն էր Արա Շիրինյանը: Ս.Ուոնդերի «Մի մտահոգվիր...» խմբերգային մշակման տեսանյութի հեղինակն էր Արեգ Բալայանը: Համերգի վերջին տեսանյութի և ողջ համերգի խորհրդականն էր Հովհաննես Գալստյանը: Երգչախումբը հանդես եկավ տարբեր կազմերով, ներկայացնելով երգչախմբի մենակատարներին՝ Հենրիետտա Հարությունովա, Ամալյա Թորոսյան, Նարինե Ոսկանյան, Ալեք Քոսբեկյան, Էդգար Վարոսյան, Կիմ Սարգսյան:

            Երաժշտասեր հասարակայնությունը և պրոֆեսիոնալ շրջանները բարձր գնահատեցին համերգը: