ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համերգ նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80-ամյակին:
Հայ նորագույն երաժշտության մեջ իր ուրույն և մնայուն տեղն ունի Հարություն Դելլալյանը: Մայիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80-ամյակին:
«Տոպոֆոնո» կոնցերտում հնչյուններն այնպես էին լիցքավորվել, պրկվել ու կարծրացել, որ թվում էր՝ ուր որ է պատերը փուլ կգան նրանց հարվածներից. այդպես էլ եղավ՝ հանդիսատեսի հոգին պատնեշող աներևույթ բոլոր պարիսպները փլվեցին: «Տոպոֆոնոն» -ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Նույն համերգային երեկոյին հնչեց նաև Հարություն Դելլալյանի մեկ այլ ստեղծագործություն՝ «Լռության րոպե» ռեքվիեմը՝ գրված կանանց երգչական խմբի համար` Հայաստանի պետական կամերային երգչախմբի կանանց կազմի կատարմամբ՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Համերգին կամերային նվագախմբի հետ Մոցարտի «Կոնցերտանտը» կատարեցին Դելլալյան ազգանունը հպարտորեն կրող՝ կոմպոզիտորի դուստրը՝ ջութակահար Նարինե Դելլալյանը և թոռը՝ ալտահար Հարություն Մուրադյանը: