ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամերային նվագախումբը կրքոտ իսպանական երեկո ներկայացրեց հանդիսատեսին

news-images

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես եկավ ինքնատիպ համերգային ծրագրով: Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ համերգի շրջանակում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ներկայացավ համաշխարհային ճանաչում վայելող երկու արտիստների հետ: Հանրաճանաչ իտալացի դիրիժոր  Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ՝ մեր երկրում առաջին անգամ ելույթ ունեցավ համաշխարհային ճանաչում վայելող կիթառահար Պետրիտ Չեկուն (Խորվաթիա/Կոսովո), ով սերտ համագործակցում է հանրահայտ Hauser-ի և այլ գերաստղերի հետ, և առաջին անգամ էր մեր տարածաշրջանում:

Համերգային ծրագրում ընդգրկված էին Խոակին Ռոդրիգոյի Արանխուեսյան կոնցերտը, Բիզե-Շչեդրինի «Կարմեն սյուիտը», Իսահակ Ալբենիսի «Աստուրիասն» և այլ գործեր:

Մաեստրո Մարչիանոն փաստում է՝ նման ծրագիրը շատ գրավիչ է լայն հասարակության համար: Ծրագիրն այնպես են կազմել, որ այն իսպանական ռիթմեր ներկայացնի: «Ինձ համար մեծ պատիվ էր վերջապես հնարավորություն ունենալ հանդես գալ Կամերային նվագախմբի հետ, և մեծ սիրով եմ ընդունել առաջարկը: Առաջին անգամ էի հանդես գալիս այս նվագախմբի հետ: Պետք է ասեմ, որ Հայաստանն ամենատաղանդավոր երկրներից է: Այստեղ բացառիկ տաղանդի տեր երաժիշտների եմ հանդիպել»,-նշում է Ջանլուկա Մարչիանոն և հավելում, որ մշտապես մեծ ուրախությամբ է ելույթ ունենում Հայաստանում:

Անդրադառնալով համերգի մենակատարին՝ կիթառահար Պետրիտ Չեկուին, Մարչիանոն ընդգծում է, որ նա բացառիկ տաղանդի տեր հիասքանչ կիթառահար է, պարբերաբար հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Մաեստրոն շատ դրական է գնահատում համագործակցությունն արտիստի ու նվագախմբի հետ:

Պետրիտ Չեկուն անկեղծանում է՝ մշտապես ցանկացել է հանդես գալ հենց Հայաստանում: Իր առաջին մենեջերը հայ է եղել, բացի այդ, արտիստը խոստովանում է, որ բազում հայ երաժիշտներ իրենց ազդեցությունն են ունեցել իր կայացման վրա: Փաստում է՝ թեև առաջին անգամ էր մեր երկրում, սակայն հարազատության զգացողություն է ունեցել:

Համերգն անցավ բարձր մակարդակով՝ հանդիսատեսի ջերմ արձագանքների ու հոտնկայս ծափահարությունների ներքո:

Նշենք, որ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն մեծ պահանջարկ վայելող արտիստ է ամբողջ աշխարհում: Ներկայում Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորն է: Նաև Բեյրութի հեղինակավոր Ալ Բուստան փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, հիմնադրել է Լերիչիի Festival Suoni dal Golfo փառատոնը: Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, եղել Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ դիրիժորը: Համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գոտյե Կապյուսոնը, Խատյա Բունիաթիշվիլին, Աննա Տիֆուն, Սթիվեն Իսերլիսը, Ալեքսանդրա Սումը և այլք: Դիրիժորը տարիներ առաջ Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:

Վիրտուոզ կիթառահար Պետրիտ Չեկուն հանդես է եկել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եղել է Բալթիմորի սիմֆոնիկ, Չեխիայի կամերային, Զագրեբի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի մենակատար: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: