NATIONAL CENTRE OF CHAMBER MUSIC

News

Հայկական խճանկարի բոլոր գույները «Տաղարանի» նոր համերգաշրջանի բացմանը

news-images

«Տաղարան»  համույթի նոր համերգաշրջանի բացումը նշանավորվեց մի շարք փայլուն պրեմիերաներով: Համույթի՝ այս տարվա բոլոր համերգները նվիրվում են «Տաղարանի»   ստեղծման 35-ամյա հոբելյանին:
Հայոց ավանդական երգը լոկ նկուն տրամադրությամբ մեղեդին ու խոսքը չէ՛. դա վաղուց է իր արվեստով ապացուցել Հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթը՝ կատարելով բազմազան ու բարձրարվեստ մեղեդիներ, և 2016թ. աշնանային համերգաշրջանի բացմանը հայկական երաժշտությունը ներկայանում է բազմակողմանիորեն՝ շարական, ազգային պարեղանակների նոր մշակումներ, հայ ժամանակակից հեղինակների գործեր, նորաստեղծ երգեր... Նրանցում հայ կյանքի բոլոր գուներանգներն են, որոնք ասես սկիզբ են առնում համերգի բացմանն ավանդաբար հնչող «Զեբագիով»: Հնուց մեզ հասած հարսանեկան զվարթ ու կենսական ուժ հաղորդող պարեղանակը յուրատիպ տրամադրություն է հաղորդում համերգային ծրագրի հետագա ընթացքին: Համերգին հնչում է մեր հոգևոր երաժշտական գանձարանից առնված «Ի ննջմանեդ»  սաղմոսը, որ հեղինակել է Պաղտասար դպիրը: Պերճ Քարազյանն է ունկնդրին հասցնում աղոթք ու հույս, հույզ ու աղերս... Վարպետ կատարում՝ ձայնի ամեն մի ելևէջում ծառայեցնելով միջնադարյան գլուխգործոցի խորքային ընթերցմանը: Եվ ապա երաժշտական նորույթների ողջ ծաղկաբույլ՝ նոր գրված ստեղծագործություններ, մշակումներ, գործիքավորումներ: Կարճ ընթացքում՝ ընդամնեը մեկուկես-երկու ամսում Մաեստրո Սեդրակ Երկանյանի մտոք ու ձեռամբ մարմին առած գործեր, ինչը մի անգամ ևս հաստատում է, որ մեր դժվարին ժամանակներում մեծ երաժշտին և հեղինակին վստահված համույթը տեղում կանգ չի առնում՝ համերգից համերգ թարմացնելով երգացանկը, տարաբնույթ ու բազմազան դարձնելով հանդիսականին մատուցվող արվեստը, շարունակաբար կատարելագործելով երաժիշտ կատարողների և երգչական կազմի կատարողական արվեստը... Համերգաշրջանի բացման նորույթներից են  «Տաղարանի»  երգացանկում տեղ գտած նոր տաղիկները:

Ու քանի որ համայնապատկեր է, այն կատարվում է երգչական խմբի կողմից: Մի փոքրիկ, ամբողջական բեմադրություն է՝ Լուսինե Մակոսյանի, Պերճ Քարազյանի և Հովսեփ Նշանյանի կատարմամբ: